24 նոյեմբերի 2023 - 12:09 AMT
Փաշինյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին, մասնավորապես, Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետները։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։