25 նոյեմբերի 2023 - 13:17 AMT
Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

««Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները: Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա:

Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը:

Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները: Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը:

Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ 1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսել են ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվել է Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի էր հասցվել Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148):