ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որոշ արևմտյան երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, դուրս մղել այնտեղից ՌԴ–ին։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա–1» հեռուստաալիքի եթերում։
Ըստ նրա, Ռուսաստանի դեմ «բացեիբաց են պայքարում» տարածաշրջանում, գրում է ՏԱՍՍ–ը։
«Մի 3,4,5 տարի առաջ այդ պայքարը դիվանագիտական դիմակների ներքո էր տարվում։ Հիմա արդեն դիմակները հանված են և բացեիբաց պայքար է գնում, բաց դեմքով»,–ասել է նա՝ պատասխանելով «արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները ռուս խաղաղապահներին, ռուս զինվորականներին տարածաշրջանից դուրս մղելու, ՌԴ և ՀՀ կապերը խզելու խնդրի մասին» հարցին։
«Իրոք, մի շարք երկրներ, նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ մի շարք երկրներ արդեն չեն կարող հավակնել որևէ միջնորդի դերին, քանի որ միակողմնաի դիրքորոշում են որդեգրել։ Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում որդեգրելով, ինչ–որ բանի հավակնելը և անհնար է, և անտեղի»,–ասել է Պեսկովը։
Ըստ նրա, արևմտյան երկրները փորձում են դուրս մղել ՌԴ–ին Ղարաբաղից, բայց ոչ ոք չի կարող տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր լինել։
«Այն, որ փորձում են մեզ այնտեղից դուրս մղել, այո, մենք դա գիտենք։ Բայց մինչ օրս ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի այդպիսի դեր ստանձնել Ռուսաստանից բացի։ Եվ Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,–ասել է Պեսկովը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։
Ընթերցեք նաև․ Պեսկովը հուսով է՝ ՀՀ-ն կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին