27 նոյեմբերի 2023 - 16:10 AMT
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը պատրաստ է, 2024–ին շինաշխատանքները կսկսվեն

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նշվել է, որ այս պահին ընթանում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու, գրում է Aysor.am-ը։

«Մենք փաստացի արդեն ստացել ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը, այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման դաշտում։ Պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»,- ասել է Ավինյանը։

Նա նաև ասել է, որ պատրաստ են «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցմաննախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը ներկայացնել մրցույթի, հայտնում է Aysor.am-ը։

«Այս պահին (2023թ.) ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծենք», - ասել է զեկուցողը։

«Շատ լավ, էդ դեպքում մրցույթը հայտարարեք»,-ասել է Ավինյանը։

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների համար կհատկացվել էր 1․1 մլրդ դրամ։ Մետրոյի կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: