Լաչինի միջանցքում ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է շինծու գործով իր դեմ կայացված Բաքվի դատարանի դատավճիռը։
Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան, գրում է Haqqin.az-ը։
68–ամյա Վագիֆ Խաչատրյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։
Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։