28 նոյեմբերի 2023 - 12:03 AMT
ՀՀ-ում 2023–ին Լայմի հիվանդության 25 դեպք է գրանցվել

Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է Լայմի հիվանդության 25 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6-ով ավելի է։

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ հիվանդներից 1-ը 0-2, 1-ը՝ 3-6 տարեկան երեխաներ են, իսկ մյուսները՝ մինչև 18 տարեկան, տեղեկանում է Panorama.am-ը։

Լայմի հիվանդության գաղտնի շրջանը 3-32 օր է: Հիվանդության վաղ շրջանի ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը և «թափառող էրիթեմա» կոչվող մաշկային ցանը: Տզերի խայթոցից խուսափելու համար խորհուրդ է տրվում բնության մեջ զբոսնելիս կամ աշխատելիս կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր:

2021 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է լայմի հիվանդության 2 դեպք։

Լայմի հիվանդությունը տզերի միջոցով տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս: