Երևանի ավագանու կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում մեքենաները կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160,000 դրամ։
Կենտրոնից դուրս վճարը կկազմի 24,000 դրամ։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մանրամասները։
Նա նշել է, որ Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:
Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
«Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ մոտ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը:
Խոսնակը հավելել է նաև, որ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ:
Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է:
Նախատեսվում են նախագծի հանրային բաց լսումներ: