29 նոյեմբերի 2023 - 14:39 AMT
ՀԾԿՀ նախագահը հիշեցրել է` ռուսական գազի գինը ՀՀ համար ամրագրված է 10 տարով

Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար կվճարի 165 դոլար։ Այդ մասին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Վերջին վերանայումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Գինը մնացել է անփոփոխ՝ ըստ ստորագրված միջկառավարական համաձայնագրի։ Եթե սահմանին գազի սակագինը չփոխվի, ապա, կարծում եմ, վերանայում չի լինի (ներքին սպառողների համար)»,- ասել է Բաղրամյանը նոյեմբերի 28–ին «Էներգետիկայի Շաբաթ Հայաստան 2023» համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Նովոստի–Արմենիան»։

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք կարող են քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ազդել գազի գործող սակագնի վրա։ ՀԾԿՀ ղեկավարը ձեռնպահ է մնացել քաղաքական բնույթի հարցերին պատասխանելուց։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ գազի հետ կապված բոլորն են գիտակցում, թե ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում, երբ կախված ենք ընդամենը մեկ մատակարարից։ Նա շեշտել է, որ կապ չունի, թե մատակարարն ով է,

Հայաստանը ներկայումս գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից, Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում: