30 նոյեմբերի 2023 - 14:41 AMT
Միրզոյանն ու Բորելը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։

Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Անդրադարձ է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայուն ներգրավածությամբ։

Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։

Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: