30 նոյեմբերի 2023 - 15:35 AMT
Միրզոյանն ու Ֆրանսիայի պետնախարարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման քայլերը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: