1 դեկտեմբերի 2023 - 14:59 AMT
Բայրամովն առաջարկել է ՀՀ հետ բանակցություններ անցկացնել կամ հայ–ադրբեջանական սահմանին, կամ երրորդ երկրում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում առաջարկել է ՀՀ հետ բանակցություններ անցկացնել կամ հայ–ադրբեջանական սահմանին, կամ երրորդ երկրում, որը կլինի «անաչառ ու չեզոք»։

Նա հայտարարել է, թե Երևանը «անհիմն դանդաղեցնում է խաղաղության գործընթացը», իսկ մի շարք երկրներ փորձում են իրենց աշխարհաքաղաքական խաղերը տանել Հարավային Կովկասում, հայտնում է Interfax.az-ը։

Բայրամովը նաև ասել է, որ ԵԱՀԿ–ն չկարողացավ արդյունավետ օգտագործել իր մանդատը հակամարտության ժամանակ, իսկ հակամարտությունից հետո «Հայաստանի հովանավոր մի շարք երկրներ, որոնք ԵԱՀԿ անդամ են, հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն բխում այսօրվա իրողություններից»։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։ Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: