«Հայասաթ-1»-ն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները, հայտնում է «Բազումք» կենտրոնը։
«Մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։
Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ՝ ինչպես նախատեսել ենք»,–ասվում է գրառման մեջ։
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված արբանյակը տիեզերք է արձակվել Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Դեկտեմբերի 2–ին հայտնի դարձավ․որ «Հայասաթ-1» արբանյակը, որն ավելի վաղ տիեզերք էր արձակվել, արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը: