5 դեկտեմբերի 2023 - 13:55 AMT
ԱՄՆ 60 կոնգրեսական ՀՀ-ին անվտանգային ոլորտում աջակցության կոչ է արել

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատի 60 ներկայացուցիչ, սենատոր Ալեքս Պադիլլայի և ՆՓ անդամ Աննա Էշույի նախաձեռնությամբ, դիմել են և Սենատի, և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին՝ կոչ անելով ԱՄՆ-ի արտաքին ռազմական ֆինանսավորման ակտով 10 միլիոն դոլարի անվտանգային աջակցություն տրամադրել Հայաստանին, իսկ ցեղասպանություն վերապրած արցախահայությանը՝ հավելյալ մարդասիրական օժանդակություն։

Առաջարկն արվել է եկող շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող ԱՄՆ ազգային անվտանգության հավելյալ ֆինանսավորման օրենսդրական նախագծի քննարկմանն ընդառաջ։ Սույն նախաձեռնությունը մեծապես առաջ է մղվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, որոնց ընթացքում հանձնախումբը իրականացրել էր համայնքային լայն մոբիլիզացիա, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Կոնգրեսականի գրության մեջ անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանական հերթական սադրանքներին, մասնավորապես՝ ՀՀ նկատմամբ հերթական ագրեսիայի վտանգին. «Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Չարագուշակորեն, Ալիևը վերջերս հարավային Հայաստանը անվանեց «արևմտյան Ադրբեջան» և կոչ արեց «ազատագրել» ութ հայկական գյուղերը Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Կովկասի համար այս շրջադարձային փուլում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ ղեկավարությունը զսպի Ադրբեջանի հետագա ագրեսիան և հայերին հնարավորություն ընձեռնի պաշտպանելու իրենց ժողովրդավարությունը»:

Գրության նախաձեռնողներից սենատոր Ալեքս Պադիլան հայտարարել է. «Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի դաժան, անհիմն ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ստեղծել է սարսափելի մարդասիրական ճգնաժամ՝ ստիպելով ավելի քան 100,000 էթնիկ հայերի լքել իրենց տները։ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի այս արտակարգ դրությունը լուծելու համար: Ես Կոնգրեսի ղեկավարությանը վճռականորեն կոչ եմ անում՝ արտաքին օգնության փաթեթում ներառել Հայաստանին անվտանգային և հումանիտար աջակցությունը»:

Իր հերթին Ան Էշուն նկատել է. «Ես հպարտ եմ, որ համագործակցում եմ սենատոր Պադիլլայի հետ՝ առաջնորդելու Հայաստանին օգնություն տրամադրելուն ուղղված այս երկկուսակցական ջանքերը: Հայաստանին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ օժանդակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ իր ժողովրդավարությունը պաշտպանելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը մեղմելու համար»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է ամենօրյա ջանքերը իր ներկա քաղաքական առաջնահերթությունների շրջանակում՝ մասնավորապես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելը, Հայաստանին տրամադրվող ամերիկյան անվտանգային և մարդասիրական օժանդակության ավելացումը։