ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, հայտարարել է, որ ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տեղեկացնում է «Ազատությունը»։
Դեսպանն ասել է, որ Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։
Վասիլիս Մարագոսը, սակայն, չի հստակեցրել՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։
«Ավելի ուշ կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Սակայն, մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարեվերջին կամ տարեսկզբին՝ այս ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», - ասել է Մարագոսը։
Եվրամիությունից հայտնել էին, որ ԵՄ պատվիրակության երևանյան հանդիպումների ընթացքում «լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։