Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով դեկտեմբերի 4–ին հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին և ՀՀ ԶՈւ–ի զինծառայողի մահվանը, նշել է, որ խաղաղ գործընթացում ներգրավված երկրները պետք է դատապարտեն Ադրբեջանին։
«ՀՀ ԶՈւ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից։ Խաղաղության ընկալումն Ադրբեջանում փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի հայկական ընկալումից։ Բոլոր միջազգային գործընկերները, որոնք ներգրավված են խաղաղության գործընթացում, պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելուն և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելուն ուղղված Ադրբեջանի վերջին գործողությունները, որոնք խարխլում են խաղաղ գործընթացը»,–ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 4–ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը զոհվել է։
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Նրա վիրավորվելու հանգամանքները դեռևս պարզվում են։