5 դեկտեմբերի 2023 - 19:19 AMT
ԼՂ-ից 109,000 բռնի տեղահանվածի վճարվել են 100,000-ական դրամները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100,000 դրամների, 40+10 հազար դրամների և 50,000 դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են: Այդ մասին «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Այս պահին ունենք 100,000 դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109, 395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի և կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104, 026 անձի:

Սկսվել են նաև նոյեմբերի վճարումները՝ 20,649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, մոտ 20,000 հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են և աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Դեկտեմբերի 6–ին կսկսվի 37,117 շահառուի 50 հազարական դրամների աջակցության վճարումները»,- նշել է փոխնախարարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։