6 դեկտեմբերի 2023 - 16:35 AMT
Սաակաշվիլին՝ Փաշինյանին․ Փախիր ՌԴ–ից, առանց հետ նայելու, փրկիր քեզ ու հայկական պետականությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում, դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հորդորել է նրան որքան հնարավոր է հեռու փախչել Ռուսաստանից, «փրկել իրեն և հայկական պետականությունը»։

Սաակաշվիլին խոսում է ՌԴ կողմից գրեթե ամբողջ հայկական գյուղարտադրանքի և հայկական կոնյակի ներմուծման արգելքի մասին, թեև նման որոշման մասին հայտնի չէ, որոշ խնդիրներ են եղել Վերին Լարսի անցակետում։

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, առանց հետ նայելու՝ ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց կարևորը հեռու փախիր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը բուլդոգի է նման. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար: Վստահ եմ՝ դեռ ուշ չէ: Բավական է հապաղել ու տատանվել: Ուշացումը մահվան է հավասարազոր», - գրել է Սաակաշվիլին:

ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից բուսական սննդամթերքում «հաճախակի դարձած խախտումների» մասին։ Խոսքը մասնավորապես Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ հայտնաբերված կարանտինային վնասակար օրգանիզմների մասին է՝ 2023–ին 72 այդպիսի դեպք է գրանցվել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը, տեղեկացրել է, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել։