6 դեկտեմբերի 2023 - 12:40 AMT
ԼՂ–ից բռնի տեղահանվածներին 2024-ին կհատկացվի 47 մլրդ դրամ. Բյուջեն ավելացվել է

ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար 2024 թ. կհատկացվի 47 մլրդ դրամ. բյուջեում ավելացում է արվել։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցման քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի 1–ին ընթերցման ժամանակ ասել էին, որ 2–րդ ընթերցմանը կներկայացնեն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար ծրագրերն ու համապատասխան ավելացումը։

«Հիմա այդ նպատակով նախատեսել ենք 47 մլրդ դրամ չափով։ Ասել ենք` այն ծրագրերը, որոնք դեռ չենք կարող իրականացնել, կնախատեսենք պահուստում և հետո, երբ բնակարանային, աշխատանքի տեղավորման և այլ ծրագրերը պատրաստ կլինեն, պահուստից կտրամադրենք»,– ընդգծել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքելով ասաց, որ պահուստային ֆոնդի մեծացումն այնքան էլ գովելի բան չէ, քանի որ դա նշանակում է` չգիտեք ինչպես բաշխել գումարները, եթե անգամ դրանք լավ նպատակների համար են։

«Ինչպես հասկանում եմ Արցախին ուղղված վարկային նախկին գումարները հիմա ուղղվելու են նրանց կարիքները բավարարելու համար։ Սեպտեմբերի 19–ից հետո ՀՀ կառավարությունը բավականաչափ ժամանակ ուներ հասկանալու համար, թե ինչպես է այդ մարդկանց կարիքները հոգալու, քանի որ նրանցից հիմա կան բավականին շատ բողոքներ, որ սոցիալական շատ կարիքներ ուղղակի չեն հոգում»,– ընդգծեl 1 պատգամավորը։

Նախարար Հովհաննիսյանի խոսքով` պահուստներն ընդամենը հավելյալ բուֆերներ են, որպեսզի տարվա ընթացքում եթե ռիսկերի մասին ՀՀ կառավարության սցենարները նյութականացվեն, ոչ մի ցնցման չենթարկվենք։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության համար 2024 թվականի բյուջեում նախնական նախատեսված էր 10 մլրդ դրամ։