8 դեկտեմբերի 2023 - 10:15 AMT
Երևանն ընդունել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը

Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին: Այդ մասին ասվել է դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով Պետդեպի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի` Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: