ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հետ ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի առաջարկներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ առաջարկներին ծանոթանալը միայն փաստել է դրանց վտանգավորությունը։
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:
Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,–ասվում է գրառման մեջ:
Այդ հայտարարությանը միացել են նաև Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը։
Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: