Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այն հայերը, որոնք ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է փաստաթղթեր ներկայացնեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին նա ասել է Euronews–ին հարցազրույցում։
Նա հավելել է, որ Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, թե «ապրում են այսպես կոչված ԼՂՀ–ում», գրում է ՏԱՍՍ–ը։
«Նրանք (Ղարաբաղի հայերը) չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ «ապրում են այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, քանի որ այդպիսի հանրապետություն գոյություն չունի։ Նրանք հորինել են դա իրենց երազանքներում, իրենց միֆերում։ Այնպես որ, եթե նրանք ուզում են ապրել Ադրբեջանում որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ապա, իհարկե, կարող են դա անել»,–ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն այդ իրավունքը։
«Նրանց սեփականությունը պատշաճ ձևով պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պաշտպանության տակ են։ Վերադառնալու համար նրանք որոշակի կանոններ պետք է պահպանեն։ Ես ասել եմ դրա մասին հակաահաբեկչական գործողությունից ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմում ներկայացնեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,–ասել է Ալիևը։
Նա ասել է, թե հեռանալը եղել է նրանց սեփական որոշումը։
«Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաև այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տալիս, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բաց հայտարարել ենք այդ մասին։ Ադրբեջանական ժողովրդին իմ ուղերձում ես ասել եմ, որ նրանք կարող են մնալ»,–ասել է Ալիևը։
Նա ասել է, որ «օտարերկրացիները կարող են ապրել Ադրբեջանի տարածքում միայն կացության իրավունքի և աշխատանքի թույլտվության առկայության դեպքում կամ պետք է քաղաքացիություն ստանան»։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։