ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրում եղել է կետ Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության մասին, բայց այն հանվել է պայմանագրից։
Ըստ նրա տեղեկությունների` խաղաղության պայմանագրի գործընթացը բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, և եթե այսօրվա բովանդակությամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,– ասել է նա։
Օսկանյանը պատահական չի համարում Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե հայերը պետք է մոռանան Արցախի մասին:
Օսկանյանը հիշեցրել է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարին եղել է փաստացի անկախ քաղաքական միավոր:
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը: Իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ»,–ասել է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցն իրենց տներ պետք է խաղաղության պայմանագրի մաս կազմի։
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
Օսկանյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս առաջարկել է աշխատել իշխանությունների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապես կամք և ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը համաձայնվի, որ երկու կողմերի ազգային փոքրամասնությունների համար խաղաղության պայմանագրում լինեն նույն ձևակերպումներըկամ այդ հարցը պետք է ընդհանրապես հանվի պայմանագրից։
Նա հավելել է, որ «Հայաստանի համար դա է եղել գլխավոր խոչընդոտն Ադրբեջանի հետ բանակցություններում»: