11 դեկտեմբերի 2023 - 14:19 AMT
Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին

Դեկտեմբերի 11–ի վաղ առավոտյան մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։ Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, խոսելու այն մասին, թե ինչ է մինչ այս պահն արվել Հայաստանի և ԵՄ-ի միջև, ու նաև՝ ինչ պետք է արվի։ Սա նաև լավ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ԵՄ-ին մեր ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից փախստականներին, Հարավային Կովկասում խաղաղության և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը ոչ պաշտոնական նախաճաշին մասնակցելուց առաջ լրագրողներին տված ճեպազրույցում, հայտնում է Արմենպրեսը։

Միրզոյանը երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ կլինի նաև, թե ինչպես կարող է ԱլԳ-ն շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները, և ինչպես արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը։

Կքննարկվեն նաև միջոցներն ու ուղիները, թե ինչպես ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները, ինչպես նաև սիներգիաները տարածաշրջանային այլ քաղաքականությունների հետ, ինչպիսին է Սևծովյան սիներգիան: