12 դեկտեմբերի 2023 - 18:36 AMT
Բաքվում «միասնական քննչական խումբ» է ստեղծվել ԼՂ նախկին ղեկավարների գործով

Բաքվում «միասնական քննչական խումբ» են ստեղծել, որը զբաղվելու է գերեվարված ԼՂՀ նախկին ղեկավարների դեմ հարուցված շինծու գործերով։

«Գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական քննչական խումբ Ղարաբաղի շրջանում ձերբակալված անջատողականների հետ կապված»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է APA-ն։

Նա չի հստակեցրել, թե հատկապես ում մասին է խոսքը, սակայն, ենթադրվում է, որ նկատի ունի Արցախի նախկին ղեկավարներին ու պաշտոնյաներին։

Նա ասել է, թե բոլոր քննչական գործողություններն անցկացվում են ըստ «Ադրբեջանի օրենսդրության և միջազգային կոնվենցիաների»։

«Ադրբեջանի ժողովուրդը լիովին կտեղեկացվի այդ քննության ընթացքի և նրա արդյունքների մասին։ Մենք կապահովենք դա։ Քննության ավարտից հետո գործը կհանձնվի դատարան»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։