13 դեկտեմբերի 2023 - 11:27 AMT
ԼՂ-ից բռնի տեղահանվածները Երևանի անձնագրայիններում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները Երևանի անձնագրային բաժիններում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին, հայտնում է ՆԳ նախարարությունը։

Նշվում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ են լինում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։