ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ–ադրբեջանական կարգավորմանը, այլ միայն կավելացնի լարվածությունն Անդրկովկասում։
«Առաքելության հայտնվելը Հայաստանում միանգամայն անօգուտ գործ է հայ–ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսակետից։ Մենք վստահ ենք, որ Եվրամիության առաքելության ընդլայնումը միանգամայն անօգուտ կլինի և ոչ մի արդյունք չի տա հայ–ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսակետից, որոնց հիմնական սկզբունքները մշակվել են 2020–ի նոյեմբերին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարության կողմից և ամրագրված են համատեղ եռակողմ հայտարարություններում»,–ասել է նա։
Գալուզինն ասել է, նաև, որ բաց են մնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մոսկովյան հարթակում անցկացնելու վերաբերյալ առաջարկները։
«Մենք հուսով ենք, որ Երևանում և Բաքվում հիշում են այդ մասին և հասկանում են դա»,–ասել է Գալուզինը։
Ըստ նրա, Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է միայն Ռուսաստանի դուրսմղմանը տարածաշրջանից։
«Մենք տեսնում ենք, որ ԵՄ քաղաքականությունն Անդրկովկասում ուղղված է միայն ՌԴ դուրսմղամնը։ Միաժամանակ նրանք օգտագործում են մեր մշակումները ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում»,–ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 50 տոկոսով կընդլայնի առաքելությունը Հայաստանում։