ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում նա անդրադարձել է նաև Արցախում հայ ժողովրդի էթնիկ զտմանն Ադրբեջանի իշխանությունների կողմից և նշել, որ «Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, հայկական Արցախի էջը փակված չէ»:
«Հարգելի՛ պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության, երկրի կայուն զարգացման ապահովման գործում Ձեր կարողությունների, հեղինակության և հարուստ փորձի պահանջարկի մասին:
Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց: Ձեզ լավ ճանաչելով՝ հավատացած եմ, որ Ձեր խոստացած «լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում», իրոք, անխուսափելի են:
Ձեզ ուղղված իմ վերջին նամակը՝ գրված 17.10.2020թ., իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական գործչի:
Ցավոք, կանխատեսածս «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կողմից: Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում: Բայց հիմնախնդիրը, մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հղում լավագույն բարեմաղթանքներս:Ընդունեք խնդրեմ իմ խորին հարգանքների հավաստիքը»,–ասվում է ուղերձում։ ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։