Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել են դատարանից, գրում է Factor.am-ը։
Դեկտեմբերի 11-ին Խաչատրյանի վերաբերյալ դատական նիստի ընթացքում մեղադրող Գևորգ Սարգսյանը միջնորդել էր Խաչատրյանի նկատմամբ ընտրված, ազատազրկման հետ չկապված խափանման միջոցները փոխել և նրան կալանավորել։ Ըստ դատախազի՝ Խաչատրյանի և վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերբերյալ դատական նիստերը հետաձգվել են գլխավորապես Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով։
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։ Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։