ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը:
Մարագոսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծավալուն աշխատանքները՝ նշելով, որ Եվրամիությունը դիտարկում է նաև այս գործընթացում Հայաստանին աջակցելու հնարավորությունը:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարության 2024 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աննախադեպ՝ 38%-ով աճ կգրանցի և կկազմի մոտ 345 մլրդ 417 մլն դրամ, որում 129 միլիարդ դրամ կամ 37.4 տոկոս նախատեսված է հենց կապիտալ ծախսերի համար:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս պահին էլ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու նոր չափորոշչի ներդրումն իրականացվում են հենց ԵՄ աջակցությամբ:
Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանին հատկացվող բյուջետային աջակցությունը շարունակական է լինելու, որում կրթության ոլորտների համար նախատեսված մասնաբաժինը մոտ 5 մլն եվրո է կազմելու:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերին, մասնավորապես նրանց կրթության կարիքների գնահատմանը, պետության կողմից իրականացված առաջնահերթ քայլերին և նախանշվող հեռահար լուծումներին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է Եվրոպական միության կողմից ԼՂ-ից բռնիի տեղահանվածների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ՀՀ-ԵՄ ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: