Եվրամիության անդամ չհանդիսացող 11 պետություն, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են, այսպես կոչված, Մագնիտսկու եվրոպական ցուցակը մեկ տարով երկարացնելու ԵՄ Խորհրդի որոշմանը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Մագնիտսկու ցուցակը Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի ու ընկերությունների նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նրանց մուտքը ԵՄ արգելվում է և սառեցվում են ֆինանսական միջոցները ԵՄ տարածքում։
«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգել է գործող սահամանափակիչ միջոցները ևս 12 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, և հստակեցրել դրանց ենթակա անձանց ու կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Փաստաթղթին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Բորելը։