ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իմաստուն քաղաքական գործիչը 2019-ին պետք է կանխատեսեր, որ 7 տարածքը պետք է հանձնել, ԼՂ հատուկ կարգավիճակը՝ զրոյացնել, գրում է «Փաստինֆոն»։
«Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից, ապա իմաստուն քաղգործչի արձանագրումը 2019-ին պետք է լիներ տեսականորեն այն, որ 7 տարածքը պետք է հանձնել, ԼՂ հատուկ կարգավիճակը պետք է զրոյացնել, իսկ ԼՂ-ում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում և ԼՂ -ի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու, այնքան ժամանակ մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն։
Այսինքն, իմաստուն քաղաքական գործիչը պետք է կանխատեսեր, թե ինչ է լինելու, ըստ այդմ՝ գործեր, բայց այս արձանագրումներից հետո գալու էր հերթական հարցը, թե այս ամենից հետո ինչ է լինելու։ Սև լճի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու, Սոթք-Խոզնավար իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։ Այսինքն, ես ուզում եմ, որ մենք բուն պրոբլեմի խորությունը այս աստիճան ընկալենք»,–ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։