Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այցելել է Նորատուս համայնք, որտեղ դեկտեմբերի 19–ին միջադեպ է եղել ձկնորսների և պարեկների միջև, բնակիչների հետ հանդիպել։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ինքը բնակիչների կողքին կանգնած է։
«Բերման ենթարկվածների մասով քննարկումներ են գնում բարձրաստիճան իրավապահների հետ, մնացած հարցերի պատասխանները ընթացքը ցույց կտա։ Հիմա այս պրոցեսի մեջ եմ, թողեք ժողովրդի հետ հասկանանք՝ ինչ է կատարվում»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Դիտարկմանը, թե քաղաքացիները նշում են, որ հացի խնդիր ունեն, պատգամավորը պատասխանել է, որ լուծման մասին քննարկումներ են ընթանում։
«Ինչը օրինական պահանջ է՝ օրինական է, ինչը ժողովրդի ապրելու միջոցն է՝ դա էլ պետք է հաշվի առնել։ Մնացած հարցերը ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու, բոլոր հարթակներում՝ Ազգային պարկում, նախարարություն, կառավարություն...»,-ասել է նա։
Իշխանական պատգամավորը նշել է, որ դեկտեմբերի 19–ին ձկնորսների ու պարեկների միջև տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված անձանց հետ հանդիպում չի ունեցել, դեռևս տեղյակ չէ մանրամասներից։
Պատգամավորն ասել է, որ ինքն էլ է նորատուսցի և ինքն էլ ժամանակին զբաղվել է ձկնորսությամբ։
«Նորատուսցի չկա, որ ձկնորսությամբ չի զբաղվել»,-ասել է նա։
Ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։
Ըստ ՔԿ–ի՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ, որտեղ գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: