20 դեկտեմբերի 2023 - 17:30 AMT
ՔՊ-ական․ Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն մեր տարածքում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ասել է, որ որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են մեր տարածքում։

«Բոլոր խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այդ օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ըստ պատգամավորի՝ եթե հնարավոր լինի հասնել խաղաղության, սահմանից զորքերի հավասարապես հետ քաշվելու նպատակն այն է, որ ստորաբաժանումները հնարավորինս քիչ առնչվեն մեկը մյուսի հետ և այդ տարածքներում լինեն սահմանապահ ուժերը։

«Բայց դա չի նշանակում, որ այնտեղ, որտեղ նրանք օկուպացրել են մեր տարածքները, մենք էլ պետք է այդ տարածքներից հեռանանք, իրենք էլ»,-նշել է Խաչատրյանը:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց, կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի:

Նա հավելել է, որ Ադրբեջանը հասկանում է, որ պայմանագիր կնքելու դեպքում կարող է ՀՀ-ի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ ապահովվել, ճանապարհների ապաշրջափակում լինել:

«Այդ ամենը շատ լավ նրանք վերլուծում են և հետևություններ անում, և, բնականաբար, այդքան էլ ոգևորված չեն, որ ՀՀ-ն այդպիսի հեռանկար ունենա»,–ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ստորագրվի նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ, որպեսզի հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը հայկական կողմը թույլ չի տալու:

«Իհարկե, Ադրբեջանի վրա այսօր դիվանագիտական ճնշումը բավականին մեծ է, պետք է բերել կառուցողական և դիվանագիտական դաշտ»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի հռետորաբանությունը ամբողջապես այլ էր։

«Նրանք ամեն օր պատրաստվում էին ինչ-որ պատերազմական գործողությունների, բայց վերջին մեկ տարվա մեջ և՛ հռետորաբանությունն է փոխվել, և՛ ՀՀ-ի նկատմամբ միջազգային վերաբերմունքը: Երբևէ նման բան չէր կարող լինել, որ ՀՀ-ն, լինելով ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի կազմում, կարողանար Արևմուտքից զենք ստանալ, բայց այսօր այդ հնարավորությունն ունենք»,-հայտարարել է ՔՊ պատգամավորը:

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: