22 դեկտեմբերի 2023 - 11:31 AMT
ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումներով

Եվրամիությունը Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումները համարել է երկրում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով լուրջ մտահոգության առիթ։ Այդ մասին հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն, հայտնում է Արմենպրեսը։

«Լրագրողների և ակտիվիստների վերջին կամայական կալանավորումները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով, որը հակասում է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասվում է հայտարարությունում։

ԵՄ-ն հայտարարությունում թվել է մի խումբ լրագրողների, որոնք ենթարկվել են կամայական կալանավորումների։ Եվրամիությունը նաև ափսոսանք է հայտնել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևի, քաղաքական ընդդիմության առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի ձերբակալությունների, նշանավոր գիտնական և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի և քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նախնական կալանքը երկարաձգելու որոշման համար։

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների համար բանտարկված անձանց և ազատ ու անարգել պայմաններ ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։

ԱՄՆ Պետական դեպարտամենտն անընդունելի է համարում Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի ու իշխանության քննադատների ձերբակալություների մասին հարցին։