Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում սպասվող թանկացումների:
Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են կենտրոնում և որոշ վարչական շրջաններում կայանման գնի բարձրացմանը: Ավագանու նիստում նախատեսվում է որոշում կայացնել գների բարձրացման վերաբերյալ։
«Որպեսզի երևանցու գրպանը մտնող և վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է, որ տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի, և հունվարի 1-ից երևանցու սոցիալական բեռն ավելի չծանրանա»,- հայտարարել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մայր Հայաստանը» ո՛չ է ասում թալանին և կոչ է անում կոալիցիայի մաս չկազմող խմբակցություններին չներկայանալ նիստին, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու նիստից առաջ հայտարարել է, որ իրենք ևս դեմ են թանկացումներին և միանում են բոյկոտին: Նա շեշտել է, որ քաղաքային իշխանություններից պահանջել է մանրամասն ֆինանսական հաշվետվություն, քանի որ կասկածում է դրանց թափանցիկությանը:
«Մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով կասեցնել և կարծում ենք, որ այն նախագծերը, որոնք օգուտ չեն երևանցիներին, չպետք է ընդունվեն։ Ուստի «Ազգային առաջընթացը» որոշել է չգրանցվել նախագծերի քվեարկությանը»,- ասել է նա։
Երևան քաղաքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։