Երևանի ավագանին ընդունել է ավտոկայանատեղիների տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ Կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 3–ը, ձեռնպահ չի եղել։
Երևանում սահմանվում են Ա և Բ գոտիներ:
Նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. Ա գոտի՝ Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18,000 դրամ, մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։
Բ գոտի՝ Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24,000 դրամ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկվեն, հայտնում է Aysor.am-ը։
«Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ նախագիծ կունենանք փետրվարին»,-ասել է նա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 26–ի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում սպասվող թանկացումների: Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են կենտրոնում և որոշ վարչական շրջաններում կայանման գնի բարձրացմանը: «Մայր Հայաստանը» կոչ էր արել կոալիցիայի մաս չկազմող խմբակցություններին չներկայանալ նիստին, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու նիստից առաջ հայտարարել է, որ իրենք ևս դեմ են թանկացումներին և միանում են բոյկոտին: Սակայն «Հանրային ձայնը» ներկայացել է նիստին և քվորում ապահովել։
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի մեկնարկին «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկեցին օրակարգից հանել ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը վերաբերվող նախագիծը, սակայն քաղաքապետը մերժեց այդ առաջարկը։