27 դեկտեմբերի 2023 - 16:47 AMT
Զախարովա․ Երևանին փորձում են ներքաշել վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են Երևանին վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերը։

Նա նաև ասել է, թե Արևմուտքն անտարբեր է «հայ բնակչության ճակատագրի հանդեպ», սակայն Ռուսաստանի համար Հայաստանի բարգավաճումը կարևորագույն նշանակություն ունի, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«2023–ի հեշտ տարի չէր շատ երկրների և աշխարհի շատ ժողովրդների համար։ Այն դյուրին չէր նաև Հայաստանի, մեզ բարեկամ ժողովրդի համար։ Մենք տեսնում ենք Երևանին էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար»,- ասել է նա։

Զախարովան հավելել է, որ, հաշվի առնելով դաշնակցային բնույթի հարաբերությունները, Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։

«Դա իսկապես կարևորագույն նշանակություն ունի մեզ համար»,- ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ:

Փաշինյանը նաև ասել է, որև ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտություն կա։