Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ նրանք քննարկել են Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 8–ին, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը գործնական աջակցության համար, որը ցուցաբերվել է ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում:
Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Կարևորվել է ՌԴ քաղաքների հետ սերտ կապերի հաստատումն ու զարգացումը։
2023-ի նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանը համաձայնություն է տվել: Դեկտեմբերի վերջին ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովն ասել էր, որ այն կբացվի «մոտ ապագայում»։ Կապանում գործում է նաև Իրանի հյուպատոսությունը, Ֆրանսիան ևս հայտարարել է այդ քաղաքում հյուպատոսություն բացելու որոշման մասին։