11 հունվարի 2024 - 11:39 AMT
Ադրբեջանը համաձայն չէ ՀՀ հետ սահմանազատմանը 70–ականների քարտեզների հիման վրա

Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ նրա, 70–ականների քարտեզներով սահմանազատման առաջարկը բխում է ՀՀ և այլ միջազգային դերակատարների շահերից, քանի որ «ադրբեջանական հողերը վերջին անգամ Հայաստանին են փոխանցվել 1969–ի մայիսին», գրում է Interfax.az-ը։

«Եթե խոսում ենք քաղաքական հիմքերի մասին, ապա որպես ելակետ պետք է վերցնենք կամ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ստեղծման շրջանը, կամ խորհրդայնացման։ Սա քաղաքական մեթոդաբանություն է։ Եթե նախապատվությունը տալիք են ժամանակագրականին, ապա եկեք տեսնենք, թե ինչ քարտեզներ կային XX դարում և ըստ այդ կառուցենք մեր աշխատանքն այդ քարտեզների վրա»,–ասել է նա։

Նա հավելել է, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև նրա կողմնակիցները, ցանկանում են հիմք վերցնել 1970–ականների քարտեզը։

«Մենք երբեք չենք համաձայնվի դրան»,–ասել է նա։

Ալիևը հավելել է, որ սահմանազատման հանձնաժողովը ստեղծված է, պետք է ստեղծվեն նաև փորձագիտական խմբեր՝ թող անցնեն այդ տեղերով և որոշեն սահմանը, քանի որ «այսօր սահմանը պայմանական է»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքին, ասել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում (դեկտեմբերի վերջ) հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, և որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Այդ մասին նա ասել է Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։