5 մայիսի 2009 - 21:50 AMT
KFW-ն կնպաստի Հայաստանի հիփոթեկային շուկայի զարգացմանը
Հայաստանի ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը մայիսի 6-7-ը Ֆրանկֆուրտում կմասնակցի Գերմանահայկական հիմնադրամի (ԳՀՀ) դիտորդների խորհրդի նիստին: ԳՀՀ դիտորդների խորհուրդը հավաքվում է տարին երկու անգամ` Հայաստանում եւ Գերմանիայում:

Նրա խոսքերով, նիստին, մասնավորապես, կքննարկվի հիփոթեկային շուկայի զարգացման նպատակով KFW կողմից Հայաստանին շուրջ 20 մլն եվրոյի հատկացման հարցը: «Նիստում կքննարկվեն փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, հիփոթեկային շուկայի զարգացման նպատակով KFW կողմից Հայաստանին շուրջ 20 մլն եվրոյի տրամադրման, վերականգնվող էներգետիկայի զարգացման համար 10 մլն եվրո վարկի տրամադրման, ինչպես նաեւ աշխատանքային այլ հարցեր»,-ասել է Ջավադյանը:

Գերմանահայկական հիմնադրամը (ԳՀՀ) հիմնվել է 1998թ. Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից Հայաստանի փոքր բիզնեսին աջակցելու նպատակով ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա: Kreditanstalt fur Wiederaufbau (KfW) Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության անունից մշակել է այս նախագիծն ու ապահովել ֆինանսական ռեսուրսները, հայկական կողմից հիմնադրամի գործունեության ապահովման լիազոր է համարվում ՀՀ Կենտրոնական բանկը: