25 հունվարի 2024 - 16:27 AMT
Փաշինյան․ Կարծում էինք` փող լինի՝ հարցերը կլուծենք, հիմա փող կա, բայց չենք կարողանում ճիշտ մակարդակի դպրոց կառուցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ծրագրերին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ պետք է սովորենք դպրոց կառուցել՝ մինչև հիմա դպրոց կառուցել չգիտենք։

Նա հավելել է, որ պետք է դնել կրթական պլատֆորմ ու դրա շուրջ բնակավայրը վերակառուցել, որը կմտնի նաև տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, պահպանել, ունենալ այլն։ Այո, մենք մինչև հիմա դպրոց կառուցել չգիտենք, մենք հիմա առերեսվում ենք այդ իրականության հետ։ Մենք մի ժամանակ կարծում էինք` փող լինի, բոլոր հարցերը կլուծենք, այդպես չէ. հիմա փող ունենք, սակայն չենք կարողանում մեզ համար անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել. եթե մի բան կառուցվեց, այն այլևս վերանորոգելու կամ վերակառուցելու խնդիր չպետք է ունենա։

Մեր երկրում բասկետբոլի դաշտը պետք է լինի բասկետբոլի դաշտ։ Դա կոնկրետ բան պետք է նշանակի, դա չի կարող իմպրեսիոնիզիմի ժանրով լինի մի տեղ մի բան նշանակի, մեկ այլ տեղ մեկ այլ բան»,– հայտարարել է Փաշինյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ ոլորտում առկա համակարգային խնդիրները շատ են, ու դրանք սկսվել են նույնիսկ այն պահից, երբ որոշվել է, թե որտեղ պետք է դպրոց կամ մանկապարտեզ կառուցվի։

Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօր դպրոցների ստանդարտ կահավորման միասնական տարբերակներ են մշակում, քանի որ նախարարությունը պարզել է, որ նույն գույքը տարբեր տեղերում մարդիկ տարբեր կերպ են օգտագործում, մինչդեռ պետք է լինի մեկ միասնական ստանդարտ։