2 փետրվարի 2024 - 16:33 AMT
Մարուքյան․ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում՝ արգելակելով խաղաղ գործընթացը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում՝ դրանով իսկ արգելակելով խաղաղ գործընթացը։

«Փետրվարի 1–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքուք, եթե ՀՀ–ն փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բոլորովին նոր նախապայման ներկայացնելով։

Ինչպես ասվում է, «ախորժակն ուտելիս է բացվում» և այդ անվերջ պահանջները միայն մեկ բան են ապացուցում՝ Ադրբեջանը ոչ խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ոչ ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Փետրվարի 1–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով անվտանգային հարցերի և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է, որ Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորել։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշումից, խաղաղություն երբեք չի լինի: