2 փետրվարի 2024 - 17:17 AMT
Լուսինե Թովմասյան․ Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից

Հայտնի հաղորդավոր, մոդել Լուսինե Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է սկեսրայրի՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը, որը Synergy ընկերության տնօրենն է և անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումներին առնչվող վարույթով։

«Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորըներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:

Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց անչափահաս երեխաներ ունենալու փաստը»,–գրել է նա:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: