Վարդան Ղուկասյանը, որն առավել հայտնի է «Դոգ» մականունով, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Հանրային ձայն» ֆրակցիան քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար։
Նա նաև խոսել է շանտաժների և ճնշումների մասին, հայտնում է Panorama.am-ը։
«Փետրվարի 7 ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ Հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար:
Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե Հանրային ձայնի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը:
Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,–ասվում է հայտարարության մեջ։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պահանջում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը: Ավագանու հինգ անդամի մանդատից զրկելու օրակարգով արտահերթ նիստին ներկայանալու են հենց այս օրակարգով:
Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ավագանու 5 անդամի մանդատից զրկելու հարցը։ Խոսքը Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամի մասին է։