Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայկական կողմը բանակցությունների սեղանին պետք է դնի արցախցիների հավաքական հայրենադարձության հարցը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ այդ պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան:
«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել (տես ներքևում) որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։
Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։
Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը»,–ասվում է գրառման մեջ։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ` հրապարակելով հանձնախմբի նախնական կազմում ընդգրկված անդամների անունները։
Նրանք են․ Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008), Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան, Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան, Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա, Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա, Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ։
Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից: