ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Ալմաթիի 1991 թվականի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն ներկայացվել ավանդապահին, հետևաբար՝ միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որևէ ուժ չունեն։
«Միջազգային և տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցվի ավանդապահին։ Մենք շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը և արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետևաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն»,-մանրամասնել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ այդ փաստն իր հանձնարարականով մի քանի անգամ ստուգվել և վերստուգվել է։
«Ալմաթիի 1991 թվականի հռչակագիրն այդ վավերացման և հետագա չծանուցման փաստով հստակ և աներկբա արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-պարզաբանել է վարչապետը։
1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրած Ալմաթիի հռչակագիրը ՀՀ խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, վերապահումներով վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին: Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացվել է «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»: