Հայաստանն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Օգնությունը ՀՀ կառավարության անունից Ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցել Ուկրաինայի հայերի միությունը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին։
Նախորդ հումանիտար օգնությունը փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։