10 փետրվարի 2024 - 14:55 AMT
Սեժուրնե․ Փարիզն անվերապահ հանձնառություն ունի՝ աջակցելու ՀՀ ինքնիշխանությանն ու անձեռնմխելիությանը

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, ամբողջական և անփոփոխ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որով ամփոփվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպման արդյունքները, հայտնում է Արմենպրեսը։

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին. խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ այս հատկապես խոցելի բնակեցված խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար:

Նախարարներն ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների արդյունքները: Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։

«Արդար և հարատև խաղաղություն կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիության հարգանքի դեպքում»,-նշված է հաղորդագրության մեջ։