12 փետրվարի 2024 - 11:13 AMT
Փաշինյան․ Եթե Բաքուն հայտարարում է, թե չի ճանաչում իր ստորագրած որևէ փաստաթուղթ, պետք է հրապարակային հայտնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ասել է, որ դրանք հարված էին խաղաղության գործընթացին, բայց դա ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի, ապա՝ Բրյուսելի, ինչպես նաև հետագա հանդիպումների մերժումից:

Նա հավելել է, որ եթե Ադրբեջանի հայտարարությունն այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին պետք է հրապարակային հայտարարվի:

«Այսինքն, ես նորից ասացի, ես գիտեմ, որ կան այդ վերլուծությունները, որ այդ հարցազրույցները և այլն, և այլն, իրենք նշանակում են, և ես էլ կարող եմ քաղաքական գնահատական տալ և ես էլ եմ ասում՝ կան վերլուծություններ, որ Ադրբեջանը հետքայլ է անում իր ձեռք բերած պայմանավորվածություններից: Բայց քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ինքն ապօրինի է»,–ասել է վարչապետը։

Նա նշել է նաև, որ այդ հարվածն ինքն ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից:

«Ես վերջերս արձագանքել եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում: Ըստ էության, մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից՝ առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ:

Տեսեք, երբ ես խոսում էի Պրահայի քառակողմ հայտարարության մասին, հենց դրա մասին է Պրահայի քառակողմ հայտարարությունը: Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։