ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ցանկություն ունի՞ տանել իր երկիրը ԵՄ-ի ուղղությամբ, դա սարքել նպատակ, և արդյոք դա խելամի՞տ է:
«Ուղղությունը պետք է պարզաբանել, թե ինչ նկատի ունենք, որովհետև դեռևս իմ վարչապետ դառնալուց առաջ Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագիր։ Հիմա այդ պայմանագիրն իրագործման փուլում է։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են և ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են այդ թվում՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» իրականացման պայմաններում և պատճառով: Բայց, իհարկե, մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ միջազգային հանրության գնահատականով մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին:
Գիտեք, այս նրբությունը շատ կարևոր է մեր իրադրությունը հասկանալու համար, իրավիճակը և շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Տեսեք, մենք ոչ մեկից չենք շրջվում: Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»,–ասել է վարչապետը։